top of page

ԱՐՔԱՆԵ 2016 ամառային դպրոց

հուլիսի 19-25, 2016թ․

ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ...

 

Հեքիաթները նրա մասին չեն, որ կան դինոզավրեր,

այլ այն մասին, որ հնարավոր է հաղթել նրանց:

 

«Արքանե» աղջիկների առաջնորդության ամառային դպրոցը հուլիսի 19-25-ը իր հեքիաթների աշխարհ ընդունեց տարբեր «աշխարհներից» եկած հերոսուհիների: Արքանեի հեքիաթների աշխարհն էապես տարբերվում է բոլոր հեքիաթներից՝ իր իրական լինելով: Անձրևային տրամադրությամբ ողողված՝ մեր հերոսուհիները որոշեցին իրենց խմբերի անունները. ԲԱՐԵՎ, ԾԻԱԾԱՆ, ՍԻՖԱՐԻՈՒՍ, ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ: Առաջին երեկոյան, երևակայական խարույկի շուրջ հավաքված, հեքիաթների հերոսուհիները ստեղծեցին իրենց սեփական հեքիաթը՝ Արքանեի հեքիաթը:

 

«Փոքր ժամանակ սիրում էր քայլել փակ աչքերով և միշտ ընկնում էր, աշխատել է որպես ներկարար-շինարար, անգետիկն է, գիտի ամեն ինչից մի քիչ-մի քիչ, ձեռքի մեջ պահել է բաբախող սիրտ, լսել է դելֆինների ձայնը, կառավարում է իր երազները, ունի բարոնուհու տիտղոս, ստացել է պրոֆեսիոնալ բոքսով զբաղվելու առաջարկություն…»

Այսքան բազմազան ու համեմունքաշատ Արքանե ունենք այս տարի: Այս արտահայտություններից յուրաքանչյուրն Արքանե դպրոցի թիմի անդամներից որևէ մեկի մասին է. դե պատկերացրեք այս տարվա Արքանեի գույները:

Օրվա ամենաուրախ ու միևնույն ժամանակ ամենալարված իրադարձությունը Գանձերի որս խաղն էր, որտեղ թիմերը, գործի դնելով իրենց հնարամտությունը, արագաշարժությունը, ճկունությունը և մինչ այս պահը ձեռք բերած մտերմությունը, իրենց առջև դրված խնդիրները հաղթահարելով՝ լուծում են հանձնարարված գլուխկոտրուկը:

Հաջորդ օրը Արքանե հեքիաթի հերոսուհիները հաղորդակցման շնորհիվ կարողացան հեշտությամբ անցնել թունավոր անտառի, հատուկ մշակված ռազմավարությամբ անցնել սարդոստայնի միջով, կենտրոնանում էին թունելով անցնելիս և համագործակցելով հաղթել շախմատը:

Հեքիաթական Արքանեի չորրորդ օրը սկսվում է մարդու իրավունքների և գենդերային դերերի ուսումնասիրությամբ, որոնց ընթացքում մեր հերոսուհիները հանդես են գալիս տարբեր հասարակական դերերով:

Մարդու իրավունքներից հետո մասնակիցները քննարկեցին գենդերային դերերը Հայաստանում, գենդերային դերերի ազդեցությունները, տղամարդկանց և կանանց դերերի բաշխումը: Օրը կրկնակի առանձնահատուկ դարձավ՝ այցելելով բուսաբանական այգի՝  Դենդրոպարկ:

Արքանեի հերոսուհիները համալրեցին իրենց գիտելիքների պաշարը: Առավել մանրամասն ծանոթացան, թե ինչ է ընտանեկան բռնությունը, այնուհետև իրենց հուզող հարցերի պատասխաններն ստացան սեռական դաստիարակության վերաբերյալ: Օրվա երկրորդ հատվածում սովորեցին, թե ինչպես կարող են գրել  դրամաշնորհային ծրագրեր:

Արքանեում մասնագիտական կողմնորոշման տոնն էր։ Ամրոց էին ժամանել հյուրեր ութ թագավորությունից։ Նրանք թանկարժեք ընծաներ էին բերել պալատական իշխանուհիներին։ Առաջին սունդուկում լեզվի մարգարիտներն էին։ Ժամանել էին հյուրեր նաև Ֆլեքս թագավորությունից, նրանք սովորեցնում էին կախարդական հայելիների միջով ճանապարհորդել դեպի երազանքների հովիտ։

Երկնքից երեք խնձոր ընկավ....Հեքիաթներն այսպես են ավարտվում, սակայն ոչ Արքանեում, Արքանեում այսպես սկսվում է մի նոր զարմանահրաշ տարի, որտեղ մեր հերոսները կերտելու են իրենց հեքիաթն արդեն իրենց թագավորություններում:

Առաջին խնձորը հաստատ մեր հրաշք աղջիկներին

Երկրորդը խնձորը մեր դասընթացավարներին

Երրորդ խնձորը.... որոշեք ինքներդ

ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի պատմությունը

ԱՐՔԱՆԵ-ն* (նախկին անվանումը` ԳԼՕ) Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի ծրագիրն է: 2008 թվականից ի վեր այս ամենամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռնում 13-ից 16 տարեկան հայ աղջիկներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները:
 

ԱՐՔԱՆԵ ծրագրի գլխավոր բաղկացուցիչն է ամենամյա ամառային դպրոցը, որի նպատակն է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ ընձեռել 13-16 տարեկան հայ աղջիկներին և զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները: Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, և ստեղծագործական մտքի ձևավորում:

 

*Արքանեն հայոց թագուհի էր` Վանի թագավորության թագավոր Արամեի կինը (մթա 859-844թթ):

bottom of page