top of page

Ես մենթի եմ: Առաջին անգամ, երբ Արքանեում մասնակցեցի մենթորության սեմինարին,  չէի էլ կարող պատկերացնել, որ հետո իմ մոնթորի հետ այսքա՜ն շատ կկապվեմ: Անկեղծ լինեմ, մտածում էի, որ մենթորը չի կարող իր խորհուրդներով կյանքումս այսքան բան փոխել և նույն  մտքերով չէի կարողանում կողնորոշվել, թե ում առաջարկեմ լինել իմ մենթորը: Ընտրեցի մարդու ում ճանաչել եմ, բայց այքան էլ շփում չեմ ունեցել, պարզապես  ճանաչել ու հեռվից սիրել եմ իր տեսակը: Ընդամենը 2 տարի է մենթորս ինձնից մեծ, բայց ամեն անգամ իր խորհուրդներն այնքա՜ն մեծ ազդեցություն են ունենում որոշումներիս վրա: Արդեն մի քանի ամիս է, ինչ պարբերաբար հանդիպում ու զրուցում ենք, երբեմն որպես մենթոր-մենթի, երբեմն՝ ընկերուհիներ, իսկ երբեմն անգամ քույրեր: 

Հիմա վստահաբար կարող եմ ասել, մենթորությունը ամենակարևոր ծրագրերից մեկն է, որ անհրաժեշտ է բոլորիս, ցանկացած տարիքում: Մեզ՝ բոլորիս, անհրաժեշտ է մեկը, ով անկեղծ խորհուրդներ կտա, մի կողմ կդնի իր իսկ ցանկությունները ու սրտացավ կլինի կարիերայիդ, ապագայիդ համար: 

Շնորհակալ եմ քեզ Արքանե: 

Շնորհակալ եմ քեզ Զարին:

 

 

Մարիամ Հարությունյան

ԱՐՔԱՆԵ աղջիկների տպավորությունները մենթորների հետ հանդիպումներից

 

ԱՐՔԱՆԵ աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շրջանակներում 2015 թվականին ավելացրեցինք ևս մեկ բաղկացուցիչ մաս՝ մենթորություն։ 2015 թվականի ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի մասնակիցները սկսեցին իրենց հարաբերություննները մենթորների հետ 2015 թվականի սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին։

 

Ստորև աղջիկներից երեքը իրենց տպավորություններն են ներկայացնում մենթորների հետ հանդիպումներից։

Ողջույն, իմ սիրելի ԱՐՔԱՆԵ,

Մի  քանի ամիս առաջ համաձայնեցի մասնակցել ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանակներում կազմակերպվող մի հիանալի նախագծի` մենթորությանը: Այս նախագիծը հիանալի է անցնում մեր` Արքանեի մասնակիցների համար. այն շատ զարգացնող է, մոտիվացնող, մեծ գիտելիքներ տվող: Մենթորը` ում մենք ենք ընտրել մեզ համար, տալիս է մեծ փորձ, խորհուրդներ՝ կողմնորոշվելու համար , որը դրական ազդեցություն է ունենում մեզ վրա:

Իմ մենթորի հետ հանդիպումներն անցնում են հիանալի: Սա շատ լավ հնարավորություն է իմ բոլոր հարցերը տալու և պատասխաններ ստանալու համար: Իմ բոլոր հարցերը, ակնկալիքները բավարարվում են: Մենթորը կարծես մեծ ուսուցիչ լինի մեզ համար, ով մեզ ճիշտ  կողմնորոշում է: Մենթորի հետ հանդիպելու կոնկրետ ռեժիմ և ժամանակահատված կա, բացի դրանից  մենք կարող ենք շփվել նաև վիրտուալ ձևով (Facebook, Skype և այլն) : Այդ ռեժիմի, կոնկրետ հանդիպումերի ընթացքում  տրված թեմաները շատ հետաքրքիր են: Օրինակ՝ «մասնագիտական կողմնորոշում և ուղղորդում» թեման շատ լավն էր և օգնեց ինձ ավելի ճիշտ կողմնորոշվել, ընտրել այնպիսի մասնագիտություն, որն իրոք աշխատաշուկայում էլ մեծ պահանջարկ կունենա: Եվ ընդհանրապես բոլոր թեմաները ինձ համար ուսուցանող են և ավելի նպատակասլաց դարձնող: Սա մեծ հնարավորություն է նաև լավ կարիերա ունենալու և այն ավելի մեծացնելու համար: Եվ քանի որ մենթորը մեր կողմից է ընտրված շփումը ավելի ազատ է լինում,և  ինքն էլ իրեն լավ է զգում , որ ընտրվել է  մեր կողմից: Այս ամենի շնորհիվ ես սովորեցի ու դեռ շարունակելու եմ սովորել այնպիսի բաներ, որ հնարավոր է ապագայում չստանամ: 
Ես, հանդիսանալով մենթի, կարող եմ նշել , որ մենթորությունը օգնում է զարգանալ և տեղեկատվություն ձեռք բերել:

 

 

Ինեսա Զոհրաբյան 

Գուցե  փնտրում ես մեկին, ով քեզ կօգնի մեծ և փոքր որոշումներ կայացնելիս, ցանկանում ես կիսվել նպատակներդ, խոսել քեզ հուզող հարցերի մասին և պարզապես գտնել մեկին, ով քեզ կոգեշնչի:

Երևի ,մենթոր ես փնտրում:

-Բար՛և, կդառնաս իմ մենթորը:

-Մեծ հաճույքով:

Այսպիսի պատասխան չէի սպասում մեկից, ում մի քանի օր էր ինչ ճանաչում էի: Եվ ահա պատրաստվում եմ կիսվել շատ հարցերով, լսել նրա խորհուրդները:

Հենց այսպես էլ ներգրավեցի «Արքանե» ծրագրի մենթորության  նախագծում ու սկսեցի մի փոքր ժամանակ  հատկացնել մի ծրագրի համար , որը անծանոթ էր ինձ և անորոշ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ ես հաճույքով սպասում եմ ամսվա այն օրերին, երբ կրկին պետք է հանդիպեմ  մենթորիս, և հետաքրքիր քննարկումներ անցկացնենք:

Ծրագիրը շարունակվում է, սակայն այսօր էլ կարող եմ ասել, որ ուրախ եմ  մասնակցելու, նոր բան ստանալու համար:

 

Տաթևիկ Հարությունյան

Մենթորը՝ անհատի զարգացման ու կայացման համար

 

ԱՐՔԱՆԵ` ծրագիր որը ինձ տվեց բազում հաճելի պահեր ինչպես ամռանը` դպրոցի ընթացքում, այնպես էլ բուն ծրագրից հետո: Այս պահերը ինձ պարգևեց նաև մենթորությունը և մենթորս:

 

Երբ ես դեռ ամառային դպրոցում էի, առհասարակ պատկերացում չունեի, թե ով է լինելու իմ մենթորը, և ես երկար փնտրտուքների մեջ էի: Եվ ահա հանկարծ իմանում եմ, որ մենք ունենք նոր անգլերենի ուսուցչուհի, բայց ես դեռ չէի պատկերացնում, որ նա է լինելու մենթորս, բայց ահա մի քանի օր անց հասկացա, որ նա հենց այն մարդն է, ով պիտի լինի ինձ ուղի ցույց տվողն ու ցանկացած հարցում կողքիս կանգնողը,այլ կերպ ասած մենթորս:

 

Մենթորիս հետ մեր հանդիպումները անցնում էին այնքան հետաքրքիր, որ մենք չէինք զգում, թե ինչպես անցավ ժամանակը,և հաճախ մեր խոսակցությունները տևում էին մի քանի ժամ: Մենք հանդիպման բուն թեման սպառելուց հետո որևէ ֆիլմ էինք դիտում, երբեմն նաև բանավիճում տարբեր հարցերի շուրջ ու փորձում գտնել տարբեր հարցերի պատասխաններ, խոսում  այն երևույթների մասին որոնք գոյություն ունեն անկախ մեր կամքից:  Մեր յուրաքանչյուր զրույցից հետո մեր ուղեղում հղանում էր մի նոր ծրագիր, մի նոր գաղափար, և մենք անցնում էինք դրա իրագործմանը: Այդ ծրագրերից մեկն էլ իմ դրամաշնորհային ծրագիրն էր: Չնայած որ մենթորության ծրագիրն ավարտված է, մենք դեռ շարունակում ենք հանդիպել ու փնտրել լուծումներ կամ պատասխաններ: 

 

Մենթոր ունենալը շատ կարևոր է անհատի զարգացման ու կայացման համար: Ես շատ շնորհակալ եմ իմ մենթորին և առավելապես Արքանե ծրագրին:

 

Սեդա Մխիթարյան

 

 

Մենթորությունը օգնեց ինձ

 

 

Մենթորությունը ինձ շատ բան տվեց, և ամենակարևորը ինձ համար մասնագիտական կողմնորոշումն էր: Մենթորս, ով մեր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Վարդանյանն է, ինձ խրախուսեց մասնագիտությանս ընտրման հարցում և ասաց, որ այն ընտրելով ես կարող եմ հասնել մեծ հաջողությունների և դա ինձ շատ ոգևորեց: Շնորհակալություն եմ հայտնում իմ մենթորից ինձ աջակցելու և սատարելու համար:

 

Սոնա Զաքարյան

 

Լավագույն մենթորը


Կյանքում յուրաքանչյուրս ունենք լավ մենթորի կարիք, ով կլինի մեր կողքին, մեզ կուղղորդի, կտա ճիշտ խորհուրդներ` լավ ճանաչելով մեզ և մեր նպատակները: Արքանեն ինձ հնարավորություն տվեց գտնել փորձառու մենթոր, ով ինձ կուղղորդեր իր խորհուրդներով և կվստահեր ինձ: Այս մի քանի ամսվա հանդիպումները ինձ շատ ու շատ դրական լիցքեր ու հաճելի պահեր պարգևեցին, օգնեցին ինձ ավելի ու ավելի իրագործող ու զգոն լինել: Աշխատելով մենթորիս հետ` ես բացահայտեցի իմ թե ՛ վատ, և թե՛ լավ կողմերը, գտա ինձ հուզող հարցերի պատասխաններն ու հնարավորինս կարողացա կողմնորոշվել, կյանքում իմ քայլերն ու արարքները կշռադատել: Երբևէ չէի պատկերացնի, որ մենթի լինելը այսքան հաճելի ու կարևոր կլինի ինձ համար: Հիմա հասկանում եմ , որ լինելով մենթի՝ դու գտնում ես քո «ես»-ը, փորձում ես կառուցել քո աշխարհը, դառնալ հասարակության կարևոր մաս, դու կարողանում ես քո ձայնը լսելի դարձնել, ճիշտ կողմնորոշվել, ճիշտ մասնագիտություն ընտրել ու իրականացնել սպասելիքներդ: Մեզ բոլորիս էլ հաճախ պետք է գալիս մեկը, ով մեզ ճիշտ խորհուրդներ կտա, և ես կարծում եմ , որ իմ մենթորը թե՛ լավ մարդ էր, թե՛ լավ խորհրդատու և թե՛ մտերիմ ու գիտակից ընկեր, ում վստահելն ու հավատալը անարդյունք չէր մնա : Շնորհակալ եմ թե մենթորիս, և թե Արքանեին: Կարծում եմ լավ մենթի լինելու համար , նախ և առաջ պետք է վստահություն ու սեր ցուցաբերես քո անձի ու քո մենթորի հանդեպ:

Անահիտ Հակոբյան

 

Ի՞ՆՉ Է ՄԵՆԹՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Մենթորությունը գործընթաց է, որի ընթացքում առավել փորձառու, կայացած և հեղինակություն ունեցող անձինք (մենթորները) ուսուցանում, ուղղորդում, խորհրդատվություն են տրամադրում պակաս փորձառու անհատներին (մենթիներին)՝ նպաստելու համար նրանց մասնագիտական կողմնորոշմանը, զարգացմանը և անձնային աճին:

 

Այսպիսով, այն մասնագետն է, ով ստանձնում է խորհրդատուի և ուղղորդողի դերը, որի գործունեությունն ուղղված է երիտասարդի մասնագիտական կողմնորոշմանը և ապագա կարիերայի նախագծմանը: Մենթորը տրամադրում է խորհրդատվություն այն մասին, թե ինչ դասընթացների մասնակցի մենթին, օգնում է սահմանել նպատակներ և խնդիրներ: Հարկ է նշել, որ մենթորի և մենթիի միջև հաստատվում են մասնագիտական փոխհարաբերություններ, և նրանցից պահանջվում է հնարավորինս զերծ մնալ հուզական և մտերմիկ հարաբերություններ ստեղծելու ռիսկայնությունից:

 

Մենթորը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերում մենթիին ուսուցման ողջ ընթացքում: Ընթացքը ենթադրում է մենթորի կողմից առաջադրանքների սահմանում և գնահատում, ընտրված մասնագիտության գծով մասնագիտական գիտելիքների տիրապետման գործընթացի ղեկավարում և կազմակերպում, մենթիի ինքնազարգացմանը, ինքնահաստատմանն ու ինքնաիրացմանն աջակցելու նպատակով կրթական կարիքների, հետաքրքրությունների ուսումնասիրում, մենթիի սոցիալական դերին համապատասխան գիտելիքների, հմտությունների և դիրքորոշումների ձևավորում:

 

Մենթին կարող է համարվել այն անձը (երիտասարդը), ով ձգտում է իր անձնային աճին և զարգացմանը, հակված է անվերջ կատարելագործել և նորացնել իր մասնագիտական հմտությունները, պատրաստ է իր ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կիրառել գործնականում՝ ի նպաստ համայնքային զարգացման, կիսել իր փորձը և գիտելիքներն իր համայնքի մյուս անդամների հետ:

ՄԵՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ

bottom of page